30-01-2018 11:50 34907

Ոսկու գրավով վարկերը պարզ և արագ տրամադրվող վարկեր են՝ ֆինանսական խնդիրները շտապ լուծելու համար: Ներկայումս ՀՀ-ում գործող տարբեր բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվում են ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ վարկեր ոսկու գնահատված արժեքի մինչև 100%-ի կամ 100%-600%-ի չափով: Վարկերը տրամադրվում են վարկի տոկոսների և մայր գումարի ամսական մարումներով (անուիտետ կամ հավասարաչափ), կամ մայր գումարը՝ ժամկետի ավարտին, իսկ տոկոսագումարը՝ ժամկետի սկզբից, ժամկետի վերջում կամ ամսական մարումներով: Ոսկու գրավով վարկերը կարող են բացի տարեկան տոկոսադրույքից ունենալ ամսական սպասարկման և այլ վճարներ, ինչը պետք է հաշվի առնել տարբեր կառույցների առաջարկները համեմատելիս:


Նշված պայմանները ի նկատի ունենալով՝ ինչպես կողմնորոշվել, թե որ վարկն է Ձեզ ամենահարմարը:


Եթե Դուք ինչ-որ գործունեություն եք ծավալում և Ձեզ շտապ գումար է անհրաժեշտ կամ Դուք վստահ եք, որ մեկ կամ երեք ամիս հետո միանգամից մեծ գումար եք ստանալու, ապա Ձեզ շատ հարմար կլինի վերցնել կարճաժամկետ վարկ՝ 1-3 կամ 3-6 ամսով: Ընդ որում, տոկոսագումարները կարող եք մայր գումարի հետ միասին վճարել ժամկետի վերջում:
Այս պահին բանկերն ու վարկային կազմակերպությունները առաջարկում են շատ ճկուն տարբերակներ, իսկ տարեկան տոկոսադրույքը սկսում է 8.5%-ից ՀՀ դրամով վարկերի դեպքում:

Եթե Դուք աշխատում եք կամ ստանում եք կայուն եկամուտ, ապա Ձեզ շատ հարմար կլինի վերցնել վարկ 12 ամսից ավելի երկար ժամկետով: Այս դեպքում Դուք հնարավորություն կունենաք ամսական հավասարաչափ մարել Ձեր վարկը՝ մինչև ժամկետի ավարտը մարելով և՛ տոկոսները, և՛ մայր գումարը:
Այս պահին գործող դրամային վարկերի առաջարկները սկսում են տարեկան 15%-ից ՀՀ դրամով վարկերի դեպքում մինչև 60 ամիս մարման ժամկետով: Տվյալ վարկատեսակի փաստացի տոկոսադրույքը կարող է շատ ավելի ցածր լինել, քան ստանդարտ սպառողական վարկերի տոկոսադրույքը:


Ուշադրություն. եթե Դուք ունեք կայուն ամսական եկամուտ, որը մի քանի անգամ քիչ է Ձեր վերցրած վարկի գումարից, ապա հավանականություն կա, որ կարճ ժամկետի դեպքում Դուք կկարողանաք վարկի տոկոսները վճարել, իսկ մայր գումարը՝ ոչ: Ուստի ստիպված կլինեք ժամկետի ավարտին վերաձևակերպել Ձեր վարկը ևս որոշ ժամկետով՝ կատարելով վարկի ձևակերպման կրկնակի ծախսեր և ունենալով ժամանակի կորուստ: Հնարավոր է նաև, որ Դուք ստիպված լինեք պարբերաբար վերաձևակերպել Ձեր վարկը՝ մայր գումարն այդպես էլ չկարողանալով մարել: Նման դեպքերից խուսափելու համար, խորհուրդ է տրվում վերցնել միայն երկարաժամկետ վարկեր:
Եթե Դուք պարտաճանաչ վարկառու եք, ունեք դրական վարկային պատմություն և/կամ փաստաթղթավորված եկամուտ, ապա վարկը կարող եք վերցնել Ձեր ոսկու գնահատված արժեքի 100-600%-ի չափով: Այս վարկատեսակի համար կարող է պահանջվել նաև լրացուցիչ երաշխավորություն:
Հարկ է ընդգծել դրական վարկային պատմության կարևորությունը: Ընդ որում, այն կարևոր գործոն է ցանկացած վարկատեսակի արտոնյալ պայմաններից օգտվելու համար:
Համեմատության համար Ձեզ ենք ներկայացնում հետևյալ օրինակը:

1)
Վարկի գումար – 1 000 000դր.
Տարեկան տոկոսադրույք – 10%
Վարկի ժամկետ – 3 ամիս
Միանվագ միջնորդավճար – 20 000դր
Տոկոսների վճարումը ամսական
Վարկի ընդհանուր ծախսը՝ տոկոսագումարն ու այլ միջնորդավճարները միասին – 45 000դր.


2)
Վարկի գումար – 1 000 000դր.
Տարեկան տոկոսադրույք – 17%
Վարկի ժամկետ – 36 ամիս
Միանվագ միջնորդավճար – 10 000դր
Տոկոսների և մայր գումարի վճարումը ամսական
Վարկի ընդհանուր ծախսը՝ տոկոսագումարն ու այլ միջնորդավճարները միասին – 293 500դր.
Ամսական մարում – 35 650 դր.


Առաջին դեպքում Դուք վերցնում եք 1 000 000 ՀՀ դրամ վարկը 3 ամիս ժամկետով՝ ընդհանուր վճարելով 45 000 ՀՀ դրամ + 1 000 000 ՀՀ դրամ: Սա շատ լավ առաջարկ է, եթե 3 ամիս հետո Դուք պատրաստ եք 1մլն ՀՀ դրամը ամբողջությամբ վճարել: Եթե ոչ, ապա ստիպված կլինեք վերաձևակերպել Ձեր վարկը՝ լավագույն դեպքում նույն 10% տարեկան տոկոսադրույքով՝ վճարելով նաև վերաձևակերպման միջնորդավճար: Երեք տարվա ընթացքում նույն պայմաններով պարբերաբար վերաձևակերպված վարկի ընդհանուր ծախսը կկազմի 540 000 ՀՀ դրամ:
Երկրորդ դեպքում Դուք վերցնում եք 1 000 000 ՀՀ դրամ վարկը 3 տարի ժամկետով և ամսական մայր գումարի և տոկոսագումարի մարումներով: Ամսական կայուն 35 650 ՀՀ դրամ վճարելով՝ ժամկետի ավարտին Դուք արդեն ամբողջությամբ մարած կլինեք և՛ տոկոսագումարը, և՛ Ձեր վարկը ամբողջությամբ: Վարկի ընդհանուր ծախսը այս դեպքում կկազմի 293 500 ՀՀ դրամ:
Ընդ որում, առաջին դեպքում տարեկան տոկոսադրույքը և ոսկու գնահատումը յուրաքանչյուր վերաձևակերման ժամանակ կարող է փոխվել, իսկ երկրորդ դեպքում այն մնում է ֆիքսված և անփոփոխ ամբողջ ժամկետի ընթացքում:


Վարկը 3 ամսից ավելի երկար ժամկետով վերցնելիս հատուկ ուշադրություն դարձրեք վարկի սպասարկման և այլ վճարներին, որոնք կարող են չլինել, կամ կարող են լինել վարկի գումարի մինչև 1%-ի չափով ամսական: Նմանատիպ վճարները զգալի մեծացնում են վարկի փաստացի տոկոսադրույքը:
Որպես հետևություն. Վարկի ընտրություն կատարելիս տարեկան տոկոսադրույքը ոչ միշտ է ցույց տալիս մի առաջարկի առավելությունը մյուսի նկատմամբ: Անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր գործոնները՝ վարկը համապատասխանեցնելով Ձեր տվյալներին և պահանջներին: Շատ կարևոր է կատարել ֆինանսների ճիշտ պլանավորում, իսկ վարկի համար դիմելիս ծանոթանալ բոլոր առաջարկներին և համապատասխան ընտություն կատարել:

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր