24-08-2018 19:23 20758

 

Աշխարհում տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած թերևս բոլոր հեղափոխությունների հետևանքները: Առհասարակ, հեղափոխություններից հետո արձանագրվում է տնտեսական անկում, մեծ չափերով արժեզրկվում է ազգային արժույթը: Հայաստանում բարեբախտաբար հետհեղափոխական ժամանակաշրջանում նման բացասական երևույթներ չարձանագրվեցին, ինչն արդեն ինքնին կարևոր ձեռքբերում է:

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարության գործունեության 100 օրերի ընթացքը Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ բանկային համակարգի վրա տարբեր կերպ են անդրադարձել: Նախևառաջ, նոր կառավարության կողմից կոնկրետ քայլեր իրականացվեցին այնպիսի կարևոր համապետական ու սոցիալական խնդրի լուծման ուղղությամբ, ինչպիսին բանկային ժամկետանց պարտքերի գծով հաշվարկված տույժերի և տուգանքների համաներումն էր:

Վերջինիս արդյունքում առևտրային բանկերը հնարավորություն ունեցան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվա­կանի մայիսի 31-ը կուտակված ավելի քան 42,3 մլրդ դրամի չափով անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները:

Սա միանշանակ դրական ազդեցություն ունեցավ ինչպես Հայաստանի Հանրապետության ազաբնակչության ֆինանսական վիճակի, այնպես էլ առևտրային բանկերի վարկային պորտֆելի բարելավման վրա՝ նպաստելով ավելի քան 42 մլրդ դրամի գումարի չափով բանկային ակտիվների առողջացմանը և առևտրային բանկերի ֆինանսական միջոցների շրջանառելիության արագացմանը:

Անդրադառնալով բանկային ավանդների շարժընթացին՝ թավշյա հեղափոխությանը հաջորդած 100 օրերի կտրվածքով, ապա տեսնում ենք հետևյալ պատկերը. նախ 2018 թվականի ապրիլ ամսին քաղաքական ճգնաժամի արդյունքում ՀՀ բանկերում ոչ ռեզիդենտների ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների ընդհանուր ծավալը 2018 թվականի մարտի 531.4 մլրդ դրամից ապրիլին նվազեց մինչև 472.7 մլրդ դրամ, կամ կրճատվեց 11%-ով։ Նույն ամսին ՀՀ բանկերի ավանդային պորտֆելը միայն ռեզիդենտների մասով նվազեց շուրջ 45 մլրդ դրամով կամ 2.2%-ով, իսկ ոչ ռեզիդենտների գծով ավանդային պորտֆելը նվազեց 58.7 մլրդ դրամով կամ 12.4%-ով։ 2018 թ. Ապրիլի վերջի դրությամբ 104 մլրդ դրամով կամ 3.9%-ով նվազեց նաև ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ժամկետային վարկերի ու ցպահանջ հաշիվների ծավալը՝ կազմելով 2 տրլն 539.4 մլրդ դրամ: Սակայն, արդեն մայիս ամսին ավանդների դուրսբերումը վերականգնվեց և հետագա երկու ամիսներին ավանդների աճի միտումները ՀՀ առևտրային բանկերում պահպանվեց: Այսպես, 2018թ. հուլիսի վերջի դրությամբ ռեզիդենտների ավանդները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.23%-ով: Նշված ժամանակահատվածում աճ է արձանագրվել նաև բանկերի վարկային պորտֆելի մասով: Այսպես, 2018 թվականի հուլիսի վերջի դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 21%-ով:

Պետք է նշել նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորներից հետո առևտրային բանկերի կողմից նկատվեց նաև վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազեցում: Այսպես, օգոստոսի սկզբի դրությամբ վարկերի միջին տոկոսադրույքը կազմեց 11.87%, ինչը ավելի քան 2%-ով ցածր է տարեսկզբի ցուցանիշից: Նշենք, որ առավել մեծ չափով նվազել են երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները, ինչը նշանակում է, որ Հայաստանի բանկային համակարգի մասնակիցները վստահ են մեր երկրի ապագա տնտեսական կայունության վրա:

Ինչ վերաբերվում է պետական պարտքին, ապա այն ևս նվազել է:Ընդ որում նվազել է արտաքին և ներքին, ինչպես նաև ԿԲ պարտքը: 2018 թ. մայիսի 31-ի դրությամբ այն կազմել է 6 մլրդ 754.5մլն դոլար, ինչը այս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, և մոտ 20 մլն դոլարով ավելի քիչ, քան տարեսկզբին: Սա բացատրվում է նրանով, որ նոր կառավարությունը իր գործունեության ընթացքում նոր պետական պարտք չի ներգրավել և այդ ընթացքում տեղի են ունեցել պետական պարտքի մարումներ:

Վերը նշված դրական զարգացումների, ինչպես նաև նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի շնորհիվ տնտեսության մեջ աննախադեպ դրական շարժ արձանագրվեց: Այսպես, եթե հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա հունիսի համեմատ աճել էր 9.6 տոկս, ապա հուլիսին այդ ցուցանիշը արդեն կազմում էր 11.1%: Ըստ այդ տվյալների, արդյունաբերությունում գրանցվել է 7.3%, գյուղատնտեսությունում՝ 2.1%, շինարարությունում՝ 0.5%, առեւտրում՝ 7.7%, ծառայությունների ոլորտում 24 %:

Վերոգրյալը միանշանակ խոսում է տնտեսվարողների ու ազգաբնակչության կողմից դրսևորվող դրական սպասումների մասին, ինչը մեր հանրապետության տնտեսության զարգացման կարևոր գործոններից է:

 

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր