18-10-2018 17:45 36259

 

Առևտրային բանկերի կողմից խնդրահարույց  հաճախորդների նկատմամբ կիրառվող հիմնական «պատժիչ» միջոցը՝  տույժերի և տուգանքների տեսքով սահմանվող ֆինանսական պատժամիջոցներն են:  Առևտրային բանկերի տեսանկյունից՝   տուժանքերի  ձևով  հսկայական գումարների հավելյալ պարտքեր  կուտակելու ռիսկը վարկառուներին ստիպում է ժամանակին կատարել բանկի հանդեպ ստանձնած վարկային պարտավորությունները: Ներկայումս, առևտրային բանկերը  տույժերի և տուգանքների չափը որոշում են ինքուրույն և տվյալ պարագայում շատ բանկերի կողմից այդ իրավունքի չարաշահումը հանգեցնում է այնպիսի աբսուրդային իրավիճակների, երբ հաշվարկված պատժամիջոցների չափը մի քանի անգամ գերազանցում է վարկի մայր  գումարը:

            Գաղտնիք չէ, որ, այսօր Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակն այդքան էլ բարվոք չէ և բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ժամանակին բավական բարձր տոկոսադրույքով վարկեր էին վերցրել առևտրային բանկերից, ներկայումս լուրջ դժվարություններ են ունենում դրանց մարելու ուղղությամբ: Ինչպես տեսնում ենք, բավական բարձր  պատժամիջոցները չստիպեցին նման վարկառուներին  պատշաճ կերպով կատարել իրենց  վարկային պարտավորությունները,  քանի որ վերջիններիս ֆինանսական վիճակը բավական ծանր է և եթե ժամկետանց  վարկային պարտավորություններին գումարվում է նաև վարկային պարտավորության չափը մի քանի անգամ գերազանցող  տուժանքները, ապա այդ պարտավորությունների  մարումը  գործնականում դառնում է անհուսալի:

Այս առնչությամբ պետք է փաստել, որ այս  տարվա  մայիսին վարկային տույժերի համաներման մասին ՀՀ կառավարության հայտնի նախաձեռնությունից  հետո առևտրային բանկերի կողմից ժամկետանց վարկերի գծով տույժերի ու տուգանքների էական զիջումներ չեղան, քանի որ դրա կիրառման համար վերջիններիս կողմից սահմանվեցին որոշակի նախապայմաններ՝ վարկառուների կողմից ժամկետանց վարկային պարտավորությունների կամ դրա մի մասի մարում,  ինչը  գործնականում   չթեթևացրեց  նրանց  վարկային բեռը:

            Ելնելով վերոգրյալից, նպատակահարմար է ի սկզբանե օրենսդրորեն  սահմանափակել առևտրային բանկերի կողմից սահմանվող ֆինանսական պատժամիջոցները մինչև որոշակի խելամիտ սահման, որի պարագայում վարկառուները պատշաճ կերպով կհետևեն վարկի ժամանակացույցի պահպանմանը, իսկ մյուս կողմից էլ վարկի ուշացման դեպքում չեն կուտակի հսկայածավալ տույժեր ու տուգանքեր: Նման օրենսդրական սահմանափակումները նորություն չեն և ներկայումս գործում են մի շարք  երկրներում: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում 2014 թվականին ընդունվել է նման օրինագիծ՝ սպառողական վարկերի գծով, որով  հստակ սահմանվում է տույժերի առավելագույն չափը՝ տարեկան 20% այն դեպքում, երբ վարկի տոկոսագումարները շարունակվում են հաշվարկվել կամ չմարված պարտավորության գումարի օրեկան 0,1%-ի չափով, եթե բանկը վարկի գծով տոկոսագումարները չի հաշվարկում: 2015 թվականին Ռուսաստանում նման օրենսդրական սահմանափակում ընդունվեց նաև հիփոթեքային վարկերի մասով, որով սահմանափակվեցին  ֆիզիկական անձանց  հիփոթեքային վարկի պայմանագրի խախտման համար նախատեսված ֆինանսական պատժամիջոցները: Վերջինիս համաձայն՝ հիփոթեքային վարկի գծով պարտավորությունների ոչ պատշաճ իրականացման համար առևտրային բանկի կողմից  սահմանվող պատժամիջոցների չափը չի կարող գերազանցել վարկային պայմանագրի կնքման պահի դրությամբ ՌԴ ԿԲ-ի սահմանած հաշվարկային տոկոսադրույքը, եթե վարկի գծով տոկոսագումարները շարունակվում են հաշվարկվել, իսկ այն դեպքում, երբ բանկի կողմից տոկոսագումարները չեն հաշվարկվում՝ տույժի առավելագույն չափը սահմանվում է  ժամկետանց պարտավորության  0,06 %-ի  չափով:  

            Հայաստանում բանկային տուժանքների սահմանափակման վերաբերյալ  օրենսդրական նախաձեռնություն  է ներկայացվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից, որով առաջարկվում է սահմանափակել առևտրային բանկերի և այլ վարկային հաստատությունների կողմից ժամկետանց վարկերի գծով հաշվարկվող ընդհանուր տուժանքի առավելագույն չափը  վարկի գումարի  հիսուն տոկոսի սահմանում: Սա բավական խելամիտ սահմանաչափ է և նշված օրինագծի ընդունումը բավական դրական ազդեցություն կունենա  վարկերից օգտվող ազգաբնակչության ֆինանսական դրության վրա՝ չխաթարելով նաև  վարկային կարգապահությունը:  

 Կարդացեք նաև՝ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԲԱՆԿԵՐԻ, ՎԿ-ՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ՏՈՒՅԺ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր