31-10-2018 16:42 12112

Հիփոթեքային վարկերը կարևոր դեր են խաղում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում՝ լուծելով ազգաբնակչության բնակարանով ապահովման խնդիրը: Թերևս սա է պատճառը, որ պետությունը առանձնակի ուշադրության է արժանացնում այս վարկատեսակին և հատուկ նպատակային ծրագրերի շրջանակում համագործակցելով Կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպությունների հետ՝ աջակցում է տարբեր շահառու խմբերին (երիտասարդներ, գիտնականներ, զինվորներ, պետական ծառայողներ և այլ)` ձեռք բերելու մատչելի հիփոթեքային վարկեր: Մասնավորապես, երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2010 թվականից մեկնարկել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը, որի նպատակն է՝ ձևավորել այնպիսի պայմաններ, որպեսզի հիփոթեքային վարկերը հասանելի լինեն միջին և ցածր եկամուտ ունեցող երիտասարդ ընտանիքներին, որպեսզի վերջիններս կարողանան հիփոթեքային վարկավորման միջոցով բարելավել իրենց բնակարանային պայմանները: Նշված ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկերը տրամադրվել են առնվազն 10 տարի մարման ժամկետով, 10.5-11 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորել է պետությունը (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմել է 8,5-9 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորել է 4 տոկոսը): Նշված ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորմամբ են զբաղվել թվով 19 ֆինանսական կազմակերպություններ` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություններ: 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ երիտասարդ ընտանիքների տրվել է ընդամենը 3342 վարկ, որից 1747 վարկ Երևանում և 1595 վարկ՝ ՀՀ մարզերում: Դրանց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 27 միլիարդ 303 միլիոն ՀՀ դրամ: Սա կազմում է բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի շուրջ 10 տոկոսը:

Ըստ էության, պետք է փաստել, որ վերոնշյալ նպատակային ծրագիրն այդքան էլ նպաստավոր եւ հասանելի չի եղել երիտասարդության լայն շերտերին: Դրա հիմնական պատճառներից են հանդիսացել ծրագրի հիմնական չափորոշիչները՝ թեև շուկայականից ցածր, սակայն այնուամենայնիվ բարձր տոկոսադրույքը ու հատկապես կանխավճարի բարձր չափը: Ահա թերևս սա է պատճառը, որ նշված նպատակային ծրագրում ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավումն ապահովելու համար ՀՀ նոր կառավարությունը նախաձեռնեց փոփոխություններ կատարել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրում, ինչի արդյունքում նվազեցվում է հիփոթեքային վարկի կանխավճարը և տոկոսադրույքը, ինչպես նաև բարձրացվում է երիտասարդ ամուսինների տարիքային շեմը՝ մինչև 70 տարեկան: Այսպես, ըստ նոր նախագծի՝ երիտասարդ ընտանիքները կկարողանան 20 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչև 20 միլիոն դրամ արժեքով բնակարաններ: Կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում հնարավոր կլինի 10 տոկոս կանխավճարով ձեռք բերել մինչև 25 միլիոն դրամ արժեքով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում։ Մայրաքաղաքում բնակարան ձեռք բերելու դեպքում, կառավարությունը կսուբսիդավորի վարկի 2 տոկոսը, մարզի դեպքում՝ 4 տոկոսը։ Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել առնվազն 10 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 9,5 տոկոս տոկոսադրույքով։ Մարզերում և Երևանում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը, եթե վարկառուի կողմից, բացի ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Ընդ որում, նշված պայմանի առկայության դեպքում տրամադրվող հիփոթեքային վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված բոլոր բնակելի անշարժ գույքերի արժեքի 80 տոկոսը (նախկինում՝ 70 տոկոս), սակայն ոչ ավելի, քան 20 միլիոն դրամը (նախկինում՝ 17,5 միլիոն դրամ)։ Բնականաբար, այս փոփոխությունները որոշակիորեն կբարելավեն մեր հանրապետությունում հիփոթեքային վարկի պայմանները և նոր շահառուներ կարող են ներգրավվել նշված ծրագրի շրջանակում, սակայն այնումանեայնիվ պետք է նշել, որ նույնիսկ այս փոփոխված պայմաններն այդքան էլ շահավետ չեն երիտասարդ ընտանիքների համար: Մասնավորապես, վարկի տոկոսադրույքը դեռևս բավական բարձր է և վարկի մարումները մեծ ֆինանսական բեռ են հանդիսանում երիտասարդ ընտանիքների ընտանեկան բյուջեի համար՝ հաշվի առնելով, որ վարկի մարումներին ուղղվող գումարը չպետք է գերազանցի նրանց զուտ եկամուտների առավելագույնը 40 տոկոսը: Հիփոթեքային վարկավորման հետագա բարելավման համար նպատակահարմար է ուսումնասիրել նաև միջազգային առաջավոր փորձը:

Ռուսաստանում արդեն իսկ հիփոթեքային վարկերի համար տարիքային առավելագույն շեմը հասցվել է մինչև 75 տարեկանը, տոկոսադրույքը նվազեցվել է մինչև 6 տոկոս, իսկ նվազագույն կանխավճարը կազմում է 10 տոկոս: Ընդ որում, ՌԴ-ում արտոնյալ վարկեր են տրամադրվում ոչ միայն երիտասարդ ընտանիքներին, այլև երկու և ավել երեխաներ ունեցող այն բոլոր ընտանիքներին, որոնք ունեն բնակարանի կարիք: Վերը նշված արտոնյալ տոկոսադրույքը գործում է երկու երեխաների առկայության դեպքում 3 տարի, իսկ 3-րդ երեխայի դեպքում՝ 5 տարի: Նշված արտոնյալ ժամանակահատվածից հետո տոկոսադրույքը կկազմի տվյալ պահի դրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույք՝ գումարած 2 տոկոս:

ԱՄՆ-ում գործում են հիփոթեքային վարկավորման շատ անգամ ավելի նպաստավոր պայմաններ ընդ որում բոլոր ընտանիքների համար: Այսպես, հիփոթեքային վարկի տոկոսադրույքը այստեղ տատանվում է 2-4 տոկոսի միջակայքում՝ կախված վարկի ժամկետից: Ամերիկայում բարձր է նաև վարկառուների տարիքային առավելագույն շեմը՝ 75 տարի: Ընդ որում, հիփոթեքային վարկեր են տրամադրվում նաև առանց կանխավճարի:

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ ենք համարում մեր հանրապետությունում էլ ավելի մեղմացնել հիփոթեքային վարկերի պայմանները: Մասնավորապես, նպատակահարմար է ավելի նվազեցնել վարկի տոկոսադրույքը, միաժամանակ երկարաձգելով նաև վարկի գործողության ժամկետը՝ վարկառուի առավելագույն տարիքային շեմ սահմանելով առնվազն 75 տարին: Սա կարող է մեծապես նպաստել մեր հանրապետության ազգաբնակչության սոցիալական վիճակի բարելավմանը:

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր