2019 թվականի հունվար 1-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3 128 570 մլն ՀՀ դրամ:
Նշենք, որ 2018 թվականի տարեսկզբին այս ցուցանիշը կազմել է 2 684 582 մլն դրամ: Փաստացի, 1 տարվա ընթացքում առևտրային բանկերի վարկային պորտֆելն աճել է 443 988 մլն դրամով կամ շուրջ 17%-ով: Վարկային պորտֆելի կազմում միայն ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 890 387 մլն դրամ, որից տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 1 139 007 մլն դրամ կամ առևտրային բանկերի վարկային պորտֆելի 39.4 % -ը:
Տնային տնտեսություններին տրամադրված վարկերի կազմում ամենամեծ տեսակարար կշիռը սպառողական վարկերինն է՝ 701 123 մլն դրամ, ինչը կազմում է այդ վարկերի պորտֆելի շուրջ 62%-ը: Ըստ ծավալի վարկավորման հաջորդ խոշոր ուղղությունը հիփոթեքային վարկերն են՝ 255 209 մլն դրամ կամ տնային տնտեսություններին տրամադրված վարկային պորտֆելի շուրջ 22.4%-ը:
Տնային տնտեսություններին տրամադրված վարկերի մնացած մասը, որը կազմում է 182 675 մլն դրամ կամ տնային տնտեսությունների վարկերի շուրջ 16%-ը կազմել են ավտովարկերը, ոսկու գրավադրմամբ վարկերը, օվերդրաֆտները և այլն:
Առևտրային բանկերի վարկային պորտֆելի 53%-ը կամ 1 751 381 մլն դրամ կազմել են մասնավոր հատվածին՝ տնտեսության տարբեր ճյուղերում գործող կազմակերպություններին տրամադրված բիզնես վարկերը: Այդ վարկերի բաշխումն՝ ըստ տնտեսության ճյուղերի ունեն հետևյալ պատկերը. արդյունաբերություն՝ 517 446 մլն դրամ կամ 30%, առևտուր՝ 441 061 մլն դրամ կամ 25.2 %, սպասարկման ոլորտ՝ 236 262 մլն դրամ կամ 13.5 %, շինարարություն՝ 161 160 մլն դրամ կամ 9.2%, գյուղատնտեսություն՝ 136 220 մլն դրամ կամ 7.8%, 102 943 մլն դրամ կամ 5.9 %:
Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված 1 տարուց ավել ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է՝ դրամային վարկերի գծով 12.6%, իսկ արտարժութային վարկերի գծով՝ 9.6%: 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տոկոսադրույքները նվազել են՝ դրամային վարկերի գծով 0.9%-ով և արտարժութային վարկերի գծով՝ 0.04%-ով: Առևտրային բանկերի կողմից տրամադրված մինչև 1 տարի ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքները 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են համապատասխանաբար՝ 12.94% և 8.73%: 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տոկոսադրույքները ևս նվազել են, դրամային վարկերի մասով՝ 0.91% և արտարժութային վարկերի մասով՝ 0.35%:
Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։