Ներկայումս Հայաստանի Հանրապետության տնտեսական օրակարգի թերևս ամենագլխավոր խնդիրներից մեկը տնտեսության մեջ անհրաժեշտ ծավալով ներդրումների ներգրավումն է, ինչը մեծապես կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, ազգաբնակչության զբաղվածության աճին և կենսամակարդակի բարձրացմանը: Սակայն, այս խնդրի իրագործման համար անհրաժեշտ է որդեգրել նպատակաուղղված ու թիրախային պետական տնտեսական քաղաքականություն: Մասնավորապես, այդ քաղաքականության շրջանակում պետք է մշակվեն ու իրագործվեն ներդրումները խթանող մի շարք միջոցառումների համալիր, որոնք կառնչվեն ինչպես հարկային, այնպես էլ դրամավարկային քաղաքականության ոլորտներին: Մասնավորապես, հարկային քաղաքականության ոլորտում նման միջոցառումներ կարող են հանդիսանալ.
- Երկարաժամկետ ներդրումներ իրականացնող կազմակերպությունների համար հարկման հատուկ ռեժիմի սահմանումը,
- տնտեսության իրական հատվածում նոր ստեղծվող ձեռնարկություններին որոշակի ժամանակահատվածով հարկերից ազատումը՝ անկախ դրանց շրջանառության ծավալներից,
- կատարված ներդրումների չափով կազմակերպությունների հարկվող եկամտի նվազեցումը,
- արտադրության տեխնիկական վերազինմանն ուղղված ծախսերի չափով հարկվող շահույթի նվազեցումը,
- ներդրումների իրականացման դեպքում կազմակերպությաունների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգումը,
- հիմնական միջոցների և արտահանվող ապրանքերի արտադրության համար ներմուծվող նյութերի և կիսաֆաբրիկատների համար մաքսատուրքերից ազատումը,
- արտադրության մեջ օգտագործվող հիմնական միջոցների համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետների վերանայումը:
Դրամավարկային քաղաքականության ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ նախևառաջ կարևորվում է ԿԲ հիմնական խնդրի վերանայումը՝ գների կայունության ապահովման փոխարեն որդեգրելով տնտեսական աճի և ֆինանսական կայունության ապահովումը:
Ներդրումների խթանման ուղղությամբ դրամավարկային քաղաքականության ոլորտում կարևոր քայլերից մեկը կհանդիսանա նաև ՀՀ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը: Հաշվի առնելով այն, որ կորպորատիվ արժեթղթերի շուկան մեր հանրապետությունում զարգացած չէ, ուստի ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուրը, բացի կազմակերպության սեփական միջոցներից, հանդիսանում է բանկային վարկը: ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման դեպքում բնականաբար կնվազեն առևտրային բանկերի վարկային տոկոսադրույքները, ինչն անհամամեմատ ավելի մատչելի կդարձնի ներդրումների վարկային ֆինասավորումը:Բացի վերոգրյալից, ներդրումների խթանման համար դրամավարկային ոլորտում անհրաժեշտ է իրականացնել նաև մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես.
- տնտեսության առաջնահերթ ոլորտներում ներդրումներ իրականացնող կազմակերպություններին արտոնյալ վարկերի տրամադրում,
- արտահանող կազմակերպությունների կողմից ներդրումների համար ներգրավված վարկերի տոկոսների սուբսիդավորում,
- ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպությունների կողմից պետական երաշխիքներով կորպորատիվ արժեթղթերի թողարկում և առևտրային բանկերի միջոցով առաջնային շուկայում դրանց տեղաբաշխման կազմակերպում,
- կուտակային կեսնաթոշակային հիմնադրամների հավաքագրած ֆինանսական միջոցները Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում որպես ներդրումներ ներգրավելու գործուն մեխանիզմների ապահովում:
Վերոթվարկյալ միջոցառումների իրականացումը կնպաստեն Հայաստանում ներդրումային հոսքերի ակտիվացմանը, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է իրականացնել նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք բարեփոխումներ, որոնց հիմնական ուղղությունները հաջորդիվ կներկայացվեն:
Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinNews.am լրատվական-վերլուծական պորտալին։
Նյութերի մասնակի կամ ամբողջական մեջբերումը կամ օգտագործումը թույլատրվում է միայն ուղիղ հղման առկայության դեպքում։
Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։
Կարդացեք նաև`