26-08-2019 18:32 1216

 

Օրերս Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում, «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում, կայացել է «Լեգենդների արահետ» քայլուղու պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել և «Լեգենդների արահետը» բացել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Վարոս Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է զբոսաշրջային առաջարկների բազմազանեցումը և դրանցում համայնքների ներգրավվածությանն ուղղված նախաձեռնությունները:

Պյոտր Սվիտալսկին իր խոսքում ասել է․ «Հայաստանի գյուղական համայնքների զարգացումը գերակա առաջնահերթություն է Եվրոպական միության համար։ Ես անձամբ կարևորել եմ, որպեսզի առավել մեծ ուշադրություն դարձվի այն նախաձեռնություններին, որոնք Հայաստանի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին թույլ են տալիս վայելել այս երկրի գեղեցկությունը՝ վարելով նաև ակտիվ ապրելակերպ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս քայլարշավներ պլանավորել Գորիսն ու Կապանը կապող այս Լեգենդների արահետում և բացահայտել թեյատները, հյուրատները, Կախարդական անտառն ու այլ ծառայությունները, որոնք համայքի բնակիչները ստեղծել են ԵՄ աջակությամբ»։

«Ուրախ ենք ԵՄ աջակցությամբ կյանքի կոչել արկածային և էկո տուրիզիմի զարգացմանն ուղղված մեծածավալ այս ծրագիրը: Խնձորեսկից դեպի Խուստուփ հասնող Լեգենդների արահետն էականորեն կնպաստի տուրիզմի համաչափ զարգացմանը, տեղացիների տնտեսական ակտիվությանն ու կյանքի որակի բարելավմանը: Ծրագիրը մեծապես նպաստում է նաև Կապանի և հարակից բնակավայրերի տուրիստական նոր ուղիների ձևավորմանը», - նշել է «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը:

«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացման գործընկերներն են․ Կապանում՝ «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ն, Գորիսում՝ Գորիսի Զարգացման կենտրոն ՀԿ-ն: Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, համայնքների, տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

«Լեգենդների արահետը» Գորիսի տարածաշրջանում գծանշված ճանապարհներով կապում է Գորիս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ և Հարժիս բնակավայրերը, իսկ Կապանում՝ Կապան, Աղվանի, Տանձավեր, Տավրուս, Առաջաձոր, Վերին Խոտանան, Շրվենանց, Անդոկավան, Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Անտառաշատ, Վանեք, Ձորաստան և Շղարշիկ բնակավայրերը:

Ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 15 դրամաշնորհ՝ նախատեսված համայնքներում համայնքային նախաձեռնությունների և ընտանեկան ձեռնարկատիրությունների զարգացման համար։ Միջոցառման շրջանակում ևս չորս դրամաշնորհ է տրամադրվել Գորիսի և Կապանի համայնքային իշխանությունների հետ համագործակցությամբ համայնքային և մարզային փառատոններ անցկացնելու նպատակով։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր