10-06-2017 14:27 33189

Պարոն Ճզմաչյան, անցած 2 տարիները հայաստանյան բանկային համակարգի համար առանձնացան խոշոր մարտահրավերներով: Դեռևս 2014-ին Կենտրոնական բանկը խիստ հանձնարարական տվեց` 6-ապատկել ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը: Վերջնաժամկետը 2016-ի դեկտեմբերի 31-ն էր: Հենց սկզբից Դուք կանխատեսում էիք, որ այդ մարտահրավերը ոչ բոլոր բանկերը կկարողանան հաղթահարել… Ի ՞նչ տվեց ԿԲ նախաձեռնությունը բանկային համակարգին:

 

Նախ նշեմ, որ շատ հաճելի է  գործակցել finagent-ի լրագրողական թիմի հետ…Ճիշտ եք, ես, իրոք, դեռ 2 տարի առաջ ասում էի, որ Կենտրոնական բանկի հանձնարարության արդյունքում բանկային համակարգում 21 դրամատներից 16-18 բանկ կմնան: Մնացին 17-ը: Այդ ժամանակ ես նաև կանխատեսում էի, որ կապիտալի ծավալը մոտ 300-320 մլն դոլարի չափով կավելանա: Այդպես էլ եղավ: Ասեմ ձեզ, որ ես կողմ էի Կենտրոնական Բանկի որոշմանը: Կարծես, փոքր ինչ <<ֆիզիկական ուժ գործադրվեց>>, բայց ԿԲ-ին հաջողվեց ավելացնել բանկերի հզորությունը: Բնական է, նախկինում գործ ունեինք 10 մլն դոլար կապիտալ ունեցող բանկի հետ` 5 մլրդ դրամի, հիմա արդեն ` 62 մլն դոլարի հետ:

Իհարկե, այսօր դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ դա տվեց հենց բանկերին: Կարող եմ ասել, որ բանկերի հետ գործ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք  շատ ավելի հանգիստ են զգում, քանի-որ համոզված են, որ բանկերը նույնիսկ ծանր իրավիճակներում կկարողանան լուծում գտնել ու չեն փլուզվի:

Կապիտալի ավելացմանը զուգահեռ ավելացել են նաև ակտիվները, իսկ սա ենթադրում է վարկավորման աճ: Այստեղ, իհարկե, ամենակարևորը վարկավորվող սուբյեկտն է` իրական տնտեսությունը: Այսօր արդեն կարելի է տեսնել, ինչ լուրջ ջանքեր է գործադրում կառավարությունը տնտեսական աշխուժացման ուղղությամբ:

 

 

Պարոն Ճզմաչյան, կառավարությունը փորձում է ակտիվության նոր թափ հաղորդել ՓՄՁ-ներին, նաև հարկային որոշ արտոնություններ տրամադրելու միջոցով: Ձեր գնահատմամբ, վարկավորման ինչպիսի ՞ քաղաքականություն պետք է վարեն առևտրային բանկերը , որ նպաստեն ՓՄՁ-ի աճին, խոշոր բիզնեսի վարկավորումն էլ չթուլանա:

 

 

Մի քանի տարի առաջ բանկերի վարկային պորտֆելներում գերակշռում էին խոշոր բիզնեսին տրված վարկերը: Որոշ դեպքերում խոսքը 70% մասին էր: Ո ՞ վքեր այսօր կարող են և պետք է լինեն ճիշտ ու իրական հաճախորդներ… Այստեղ պետք է անդրադառնամ տնտեսությանը: Հիշու՞ մ եք, անցած 2-3 տարում բանկերի շահույթները սկսեցին նվազել, քանի-որ բանկերի մոտ խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռն ավելացավ: Այդ վարկերը պետք է դուրս գրվեին, ինչը բանկերի համար ցանկալի չէր: Նրանք փորձում էին ամեն գնով խնդրին լուծում գտնել: Բայց դա ոչ բոլորին հաջողվեց: Գտնվեց խելամիտ լուծում: Բանկերը կապիտալներն ավելացրեցին և խնդրահարույց վարկերը դուրս գրեցին բալանսներից: Այս դեպքում շահույթը նվազում է, ինչը բնական է, որ ժամանակավոր բնույթ է կրում: Ամենակարևորը` բանկերը մաքրվում են, և առաջընթաց անպայման կգրանցվի: Տնտեսությունն ու բանկային համակարգը փոխկապակցված են, և նույնիսկ դժվար է ասել <<հավն է ձվից, թե ձուն հավից>>:  Կառավարության նոր տնտեսական քաղաքականությունը նոր ներդրումներ կարող է բերել Հայաստան: Դրա հաշվին նաև խոշոր բիզնեսի վարկավորումը կավելանա: Բայց չմոռանանք, որ Հայաստանը շարունակում է մնալ փոքր բիզնեսի երկիր, այստեղ հենց փոքրը կարիք աջակցության մեծ կարիք ունի: Նրանց նաև բանկերը պետք է ձեռք մեկնեն: Խորապես համոզված եմ, որ մեր երկրի տնտեսության 70% փոքր ու զարգացած բիզնեսը պետք է ապահովի:

 

 

Հաշվի առնելով նաև այն, որ ԿԲ-ն շարունակում է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը,  կարելի ՞ է սպասել, որ առևտրային բանկերը կվերանայեն վարկերի տոկոսները դեպի իջեցում:

 

Կենտրոնական Բանկ-ը չի ճնշում առևտային բանկերին և չի ստիպում իջեցնել տոկոսները: Այդ գործընթացը ընթանում է մրցակցության ավելացման հաշվին: Կապիտալի և ակտիվների ավելացմամբ ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր բանկային փողի մեջ պետք է փոքր ինչ նվազի: Ավանդների տոկոսները արդեն նվազում են, պակասում են նաև վարկերի տոկոսները:

 

 

Բանկերի կապիտալի ավելացումը ենթադրում էր նաև ծառայությունների դիվերսիֆիկացում: Ըստ ձեզ,  ի ՞նչ ուղղությամբ պետք է գնան բանկերը, նաև մրցակցային առողջ միջավայր ապահովելու համար:

 

17 բանկերի խոշոր կապիտալները տեխնիկական հզորության հնարավորություն են տալիս: Սա էլ իր հերթին նոր ծառայությունների ստեղծման լավ շանս է:

 

 

Պարոն Ճզմաչյան, վերջին շրջանում ավելի հաճախ են պտտվում լուրեր, թե ԵԱՏՄ-ում, նաև Հայաստանում միասնական արժույթ կներդրվի, և ազգային դրամը դուրս կգա շրջանառությունից:  Ձեր գնահատմամբ, այսօր սա իրատեսակա՞ն է:

 

 

Համոզված եմ` ոչ: Վերջերս եմ վերադարձել միջազգային բանկային խորհրդի կազմակերպած սիմպոզիումից, որը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում էր: Միջազգային բանկային խորհուրդը մի կառույց է, որին անդամակցում են մոտ 20 երկրների բանկերի միություններ, ասոցիացիաներ, լիգաներ, Հայաստանի բանկերի միությունը ևս հեղինակավոր կառույցի անդամ է: Այնտեղ մենք անդրադարձանք այս թեմային, և ի ուրախություն բոլորիս,  բոլոր 20 երկրների բանկիրները հերքեցին միասնական արժույթի ներդրաման հնարավորությունը: Առաջիկա 10-15 տարում նման փոփոխություն չի լինի:  

 

Կանխատեսումներից խոսեցիք, ևս մի հարց  ծագեց… Կապիտալիզացված հայկական բանկերը, ըստ Ձեզ, ի՞նչպես կավարտեն 2017 թվականը

 

Կանխատեսելն անշնորհակալ գործ է, հատկապես տնտեսությունում և բանկային համակարգում: Բայց, համոզված եմ, որ բանկերը 2017-ն ավելի լավ կավարտեն, քան 2016-ը: Իսկ եկող տարվա ցուցանիշները կգերազանցեն 2017-ինը`տարբերությունը կլինի կտրուկ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր