«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի Խորհրդի որոշմամբ անցած շաբաթվանից Բանկի Գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Արամ Խաչատրյանը: Հայէկոնոմբանկում նա նոր չէ: Երկար տարիներ հենց այս բանկում է աշխատել, գիտի բանկի բոլոր գաղտնիքներն և նոր անելիքները:
Պարոն Խաչատրյան, Ձեր աշխատանքային փորձը Հայէկոնոմբանկում մեծ է: Նախքան գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելը Դուք ավելի քան 10 տարի բանկում զբաղեցրել եք նաև այլ պաշտոններ: Հաշվի առնելով այս ամենը ինչպիսի՞ն եք տեսնում Հայէկոնոմբանկի հեռանկարը Ձեր տնօրինության ներքո:
Հայէկոնոմբանկը իմ առաջին աշխատավայրն է. ավարտելով Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը՝ 2006թ.-ին ընդունվել եմ Հայէկոնոմբանկ, սկզբում աշխատել եմ Միջազգային գործառնությունների վարչությունում որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ Ներքին աուդիտի վարչությունում որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտոր, Հաշվապահական հաշվառման վարչությունում որպես բաժնի պետ, գլխավոր հաշվապահի տեղակալ, Ներքին աուդիտի վարչությունում որպես վարչության պետի տեղակալ, վարչության պետ: 2017թ. հուլիսից զբաղեցնում եմ Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի պաշտոնը:
Հայէկոնոմբանկն ունի 26 տարվա պատմություն և այդ տարիների ընթացքում ձևավորվել են կառավարման ավանդական մոտեցումներ: Զարգացնելով կառավարման ձևավորված ավանդույթները` պահպանվելու է բանկի առաքելության շարունակականությունը, լրացնելով այն կորպորատիվ կառավարման արժեքների զարգացման և այդ առումով հայաստանյան բանկային համակարգում դիրքերի ամրապնդման և բանկային շուկայում մասնաբաժնի ավելացման միտումով:
Հայէկոնոմբանկը անցած տարի հաջողությամբ կատարեց ՀՀ ԿԲ նորմատիվային պահանջը. նախ գնեց ԲՏԱ-Բանկը, հետո էլ կապիտալը հասցրեց պահանջվող 30 մլրդ դրամին: Այս ամենի արդյունքում ինչպե՞ս է բանկը ամփոփել տարվա ցուցանիշները:
Ինչպես նշեցիք, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն ավարտին հասցրեց ՀՀ կենտրոնական բանկի սահմանած` 2017թ. հունվարի 1-ից 30 մլրդ դրամ նորմատիվային կապիտալի նվազագույն շեմի պահանջին իր կապիտալի համապատասխանեցման գործընթացը և ԲՏԱ Բանկը միացավ Հայէկոնոմբանկ-ին:
Այս երկու կարևորագույն նվաճումները Բանկի որդեգրած զարգացման ռազմավարության հետևողական իրականացման արդյունք են, Բանկի բոլոր աշխատակիցների միասնական, արդյունավետ և ակտիվ գործունեության վկայությունը: Նորմատիվային կապիտալի նվազագույն շեմն ապահովելու գործընթացը Բանկը սկսեց 2015թ-ին և հաջողությամբ ավարտեց 2016թ. վերջին: Այդ ընթացքում բանկն իր հիմնական բաժնետերերից ներգրավեց 5.5 մլն ԱՄՆ դոլար և 2.7 մլրդ ՀՀ դրամ երկարաժամկետ ստորադաս փոխառություն: Իրականացրեց նաև բաժնետոմսերի 12-րդ և 13-րդ տեղաբաշխումը, որի արդյունքում կապիտալը համալրվեց ավելի քան 6.1 մլրդ ՀՀ դրամով: ԲՏԱ Բանկի միացման արդյունքում Հայէկոնոմբանկի կապիտալն ավելացավ ևս մոտ 5.3 մլրդ. դրամով:
Բացի այս ամենը, մեր Բանկը 2016թ. արձանագրեց նաև մի շարք էական նվաճումներ և հիմնական ցուցանիշների զգալի աճ: Հայէկոնոմբանկի շահույթը, նախորդ տարվա համեմատ, աճել է 96.5%-ով` հասնելով 686 մլն դրամի, ակտիվները` 34.4%-ով` կազմելով 148.5 մլրդ դրամ, վարկերը` 29.2%-ով` կազմելով 75.7 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները ավելացել են 38.4%-ով կամ 8.9 մլրդ դրամով ու կազմել 32.1 մլրդ դրամ, որի հիմքում ընկած է բանկի, հաճախորդների և գործընկերների միջև փոխվստահության և փոխշահավետության առողջ հենքի վրա ձևավորված երկարատև կայուն համագործակցությունը:
Հայէկոնոմբանկը մշտապես աչքի է ընկել վարկավորման ակտիվ քաղաքականությամբ: Ո՞ր ոլորտներն են այսօր հատկապես բանկի համար ռազմավարական վարկավորման տեսանկյունից: Ի՞նչպիսի նոր պրոդուկտներ է բանկն առաջարկում հաճախորդներին:
Բանկը շարունակելու է իր ակտիվ քաղաքականությունը վարկավորման շուկայում՝ առավելապես շեշտը դնելով փոքր և միջին բիզնեսի վարկավորման ու զարգացման վրա՝ հաշվի առնելով տնտեսության զագացման գործընթացում վերջինիս կարևորագույն դերը: Միաժամանակ ֆիզիկական անձանց առաջարկվող տարատեսակ սպառողական վարկերին զուգահեռ, բանկը ակտիվ գործունեություն է ծավալելու ապառիկ կարգով ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի շուկայում: Վարկավորման ոլորտում Բանկի գլխավոր խնդիրն է հանդիսանալու որակյալ և հնարավորինս բարձր եկամտային վարկային պորտֆելի աճը` վարկային ռիսկերի նվազեցման և դիվերսիֆիկացիայի պայմաններում: Վարկավորման պայմանների ճկունության ավելացման, հաճախորդի անհատական պահանջմունքների դիտարկման, վարկային պրոդուկտների ավելացման հաշվին կավելանա Բանկի վարկային պրոդուկտների մրցունակությունը:
Հավաստիացնում եմ ձեզ, Բանկի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում նոր վարկային պրոդուկտների ներդրման և զարգացման գործընթացը:
Հայէկոնոմբանկը նաև պլաստիկ քարտերի շուկայի առաջատարներից է: Այստեղ Բանկը առանձնացել է նորարարական պրոդուկտներով, ընդարձակ բանկոմատային ցանցով և POS տերմինալների քանակով: Ինչո՞վ կարող է բանկը <<զարմացնել>> այսօր: Ինչպիսի՞ն է վիճակագրությունը:
Հանդիսանալով պլաստիկ քարտերի շուկայի առաջատարներից մեկը, բանկի պլաստիկ քարտերի քանակը այսօր կազմում է մոտ 106,800, բանկոմատների քանակը` 106, իսկ POS տերմինալների քանակը` 452:
Ինչպես նշեցիք, բանկը մշտապես առանձնացել է իր նորարական պրոդուկտներով և կցանկանայի ներկայացնել վերջին ժամանակներս ներդրած պրոդուկտներից մի քանիսը: Այսպես` բանկը ներդրել է «CashBack» ծառայությունը, բանկոմատի միջոցով Պին կոդի փոփոխման ծառայությունը, քարտային գործառնությունների անվտանգության բարձրացման նպատակով` «Verified by Visa®» (VbV) և «MasterCard® SecureCode™» համակարգերը, քարտից օգտվելու հարմարավետության և անվտանգության համար` բջջային կապի «USSD» տեղեկատվական և կառավարման համակարգը, որի միջոցով կարելի է կատարել քարտի մնացորդի հարցում, վերջին մի քանի գործառնությունների մասին տեղեկատվության հարցում, կորցրած քարտի բլոկավորում:
Բանկը առաջիկայում ևս շարունակելու է իր ակտիվ գործունեությունը պլաստիկ քարտերի շուկայում` հաճախորդներին առաջարկելով նորանոր տեխնոլոգիաներ և պրոդուկտներ:
Այս ամենը հաշվի առնելով` ինչպե՞ս կավարտի Հայէկոնոմբանկը 2017թ., կնդլայնվի՞ արդյոք մասնաճյուղերի ցանցը և նորարարական ի՞նչ ծառայություններ կարելի է սպասել բանկից:
Բանկը առաջիկայում ևս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը` հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման ոլորտներում` ապահովելով հաճախորդների սպասարկման որակի էլ ավելի բարձրացում` առանձնահատուկ շեշտը դնելով նորագույն արդիական տեխնոլոգիաների կիրառման վրա: Ուշադրության կենտրոնում կմնա բանկի միջազգային համագործակցության ընդլայնումը, միևնույն ժամանակ կընդլայնվի բանկի մասնաբաժինը տեղական շուկայում:
Բանկը նախատեսում է սկսել <<Ապագայի բանկ>> նախագիծը՝ առանց սպասարկող անձնակազմի` հաճախորդների շուրջօրյա ավտոմատ սպասարկում իրականացնող մասնաճյուղերի գործարկումը, ներդնել <<Mobile Banking>> ծառայությունը, զարգացնել <<Internet Banking>>-ի որակական հատկանիշները և <<CashBack>> ծառայությունը:
Բանկի տարածքային քաղաքականությունը ուղղված կլինի ոչ միայն բանկի ներկայացվածության ընդլայնմանը, այլ նաև մատուցվող ծառայությունների օպտիմալացմանը, մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Բանկը 2017թ. բացեց 2 նոր մասնաճյուղ` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` թվով երկրորդ` <<ԿՈՏԱՅՔ>> մասնաճյուղը և Սյունիքի մարզի Կապան քաղաքում` <<ԿԱՊԱՆ>> մասնաճյուղը և նախատեսում ենք բացել ևս երկու նոր մասնաճյուղեր Երևան քաղաքում` Դավթաշենում և <<Ապագայի բանկ>> նախագծի շրջանակներում` <<ՆԱՆՈ>> մասնաճյուղը` Թումանյան փողոցի վրա` հագեցած գերժամանակակից և հասարակության պահանջներին բավարարող սարքավորումներով: Այս մասնաճյուղում մեր հաճախորդները հնարավորություն կունենան կատարել տարատեսակ գործարքներ մասնաճյուղի շուրջօրյա սպասարկման սրահում՝ օրվա ցանկացած ժամին:
Առավել մեծ ուշադրություն կդարձվի բանկի ռիսկերի կառավարման կանխարգելիչ գործելաոճին, ինչպես նաև ներքին հսկողության պահանջների կատարմանը, կորպորատիվ կառավարման զարգացմանը և բանկի անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը:
Բանկի այս տարվա գործունեության զարգացման ուղղությունները որոշելիս առանձնակի շեշտադրում է կատարվել հաճախորդներին առավելագույն հարմարավետություն և օգտակարություն ապահովելու նպատակի իրագործմանը և 2017թ. բանկը կամրապնդի իր դիրքերը և կավելացնի իր մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում: