12-08-2017 13:30 30316

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ` "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի հիման վրա:
Հիմնադրամի նպատակը ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումն է: Երաշխավորվում են Հայաստանում գործող բոլոր բանկերում եղած ավանդները, նաև բանկային հաշիվների մնացորդները, քաղաքացիների կողմից ձեռքբերված բանկի թողարկած պարտատոմսերը և դրանց վրա հավելագրված տոկոսագումարները: Հատուցումն իրականացվում է բանկի անվճարունակության դեպքում:
Հատուցման ենթակա երաշխավորված դրամային ավանդների առավելագույն չափը 10 միլիոն դրամ է: Եթե գումարը ներդրված է միայն արտարժույթով, ապա երաշխավորվող ավանդի առավելագույն չափը կազմում է 5 միլիոն դրամ:
Հիմնադրամը երաշխավորում է ավանդները իր միջոցների հաշվին, որոնք գոյանում են բոլոր բանկերի կողմից յուրաքանչյուր եռամսյակ կատարվող պարբերական երաշխիքային վճարներից:
Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը: Հիմնադրամի գործունեության մանրամասները finnews.am կայքին տված հարցազրույցում ներկայացնում է հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը:

Հերմինե, ո ՞ րն էր հիմնադրամի ստեղծման գլխավոր դրդապատճառը:


Հիմնադրամի ստեղծման պատճառներից էր ԽՍՀՄ բանկերի ավանդատուների բարդ ճակատագիրը: Հիշում եք, շատ ավանդատուներ ԽՍՀՄ փլուզումից հետո չկարողացան վերադարձնել իրենց գումարները: Հայաստանում եղան դեպքեր, երբ որոշ բանկեր ձախողեցին, սնանկացան: Հենց նման դեպքերում ավանդատուների շահերը պաշտպանելու համար էլ ստեղծվեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

Կան երկրներ, որտեղ այսպիսի կառույցները կոչվում են ավանդների ապահովագրման հիմնադրամներ: Թեև գործնականում տարբերություն չկա, և մենք, և նրանք զբաղվում ենք հատուցման երաշխավորմամբ, եթե այս կամ այն բանկը խնդիր ունենա, սնանկանա և չկարողանա վերադարձնել իր ավանդատուներին գումարները: Սա, ըստ էության, քաղաքացիների, ֆիզիկական անձանց համար անվտանգության լրացուցիչ բարձիկ է: Նրանք պաշտպանված են օրենքով սահմանված չափով մեր հիմնադրամի կողմից:

Որքանո ՞վ են ապահովագրված և ի ՞նչ գումարի մասին է խոսքն այսօր

Ապահովագրված ավանդի չափը հստակ ֆիքսված է օրենքով: 2005 թվականից մինչև այսօր այն 2 անգամ վերանայվել է: 2010 թվականին հատուցման առավելագույն չափը 4 մլն դրամ էր, իսկ այժմ այն արդեն 10 մլն դրամ է կազմում:

Այսինքն մեր հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը առնվազն 5 տարին մեկ վերանայում է հատուցման չափը, դա, իհարկե, նշանակում է, որ այդ ընթացքում այն ցուցանիշներն ու չափորոշիչները, որոնց հիման վրա որոշվում է երաշխավորման առավելագույն սահմանաչափը պահում ենք ուշադրության կենտրոնում:

Այդ չափորոշիչներից է, օրինակ, այն, թե քանի տոկոս է կազմում ընդհանուր ավանդատուների մեջ ամբողջովին երաշխավորված ավանդատուների տեսակարար կշիռը: Ներկայումս ավանդատուների ավելի քան 98% երաշխավորված է ամբողջովին: Ընդ որում, խոսքը և բանկային ավանդների մասին է և բանկային հաշիվների մնացորդների, քաղաքացիների կողմից ձեռքբերված բանկի թողարկած պարտատոմսերի և դրանց վրա հավելագրված տոկոսագումարների: Այսինքն դասական ավանդից բացի, մենք երաշխավորում ենք նաև ավելի լայն շրջանակի հատուցումը: Ընդ որում` մեկ քաղաքացին կարող է ունենալ ավանդ կամ հաշիվներ տարբեր բանկերում: Որևէ նշանակություն չունի նաև ավադնդատուի քաղաքացիությունը` մենք երաշխավորում ենք ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին:



Միջազգային պրակտիկայում կա ավանդների ապահովագրման ֆինանսավորման 2 մոդելներ ex-ante և ex-post: Ո՞րն է կիրառում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:


Ճիշտ եք, միջազգային պրակտիկայում կիրառում են ավանդների ապահովագրման ex-ante կամ նախավճարային համակարգը, երբ անդամները որոշակի պարբերականությամբ վճարում են նախքան որևէ բանկի անվճարունակությունը, նաև ex-post կամ հետվճարային համակարգը: Այս դեպքում անդամները միանվագ վճարում են որևէ բանկի անվճարունակության դեպքում: Կա նաև hybrid կամ համակցված համակարգ, որը ներառում է վերը նշված երկու համակարգերին բնորոշ տարրեր: Ավանդների ապահովագրման համակարգերի մեծ մասում գործում է նախավճարային ձևաչափը, որն իրենից ներկայացնում է պարբերական երաշխիքային վճարների հավաքագրում՝ հիմք ընդունելով համակարգի անդամ-մասնակցի կողմից ֆիզիկական անձանց նկատմամբ ունեցած պարտավորության ծավալը:

Հատկանշական է, որ չնայած մինչ Ավանդների ապահովագրման եվրոպական դիրեկտիվի 2014 թվականի վերանայումը եվրոպական երկրները կարող էին ընտրել ավանդների ապահովագրման նախավճարային կամ հետվճարային մոդելների միջև, այնուամենայնիվ, որոշ երկրներ ընտրել էին հետվճարային մոդելը: Դիրեկտիվի վերանայմամբ նախավճարային մոդելի կիրառումը սահմանվեց որպես պարտադիր պահանջ ավանդների ապահովագրման համակարգի համար:

Հայաստանում հենց սկզբից ներդրվեց նախավճարային մոդելը, քանի որ անգամ ոչ պարտադիր լինելու պարագայում ակընհայտ էին վերջինիս առավելությունները ֆինանսական համակարգի համար:

 


Որո՞նք են նախավճարային մոդելի առավելությունները:


Նախավճարային մոդելը թույլ է տալիս հատուցումը սկսել ավելի սեղմ ժամկետում, այսինքն միջոցներն ավելի վաղ հասանելի դարձնել ավանդատուների համար, քանի որ անհրաժեշտ գումարը առկա է ավանդների ապահովագրման հիմնադրամում, այնինչ, հետվճարայինի դեպքում բավականաչափ ժամանակ է պահանջվում անհրաժեշտ միջոցները հավաքագրելու և իրացվելի դարձնելու համար: Սա ավանդատուների տեսանկյունից: Մոդելի առավեությունները համակարգի համար հետևեյալն են. բոլոր բանկերը նախապես, որոշակի պարբերականությամբ հիմնադրամին են վճարում երաշխիքային վճարներ՝ հիմք ընդունելով ֆիզիկական անձանց բանկային ավանդների ծավալը, այնինչ, հետվճարայինի դեպքում անվճարունակ բանկը չի ունենում որևէ ֆինանսական մասնակցություն հատուցման հիմնադրամ ձևավորելիս:

Նախավճարային մոդելի կիրառումը թույլ է տալիս ժամանակի մեջ բաժանել հատուցման համար անհրաժեշտ գումարը, որը հետվճարային մոդելի շրջանակներում միանվագ վճարման դեպքում կարող է վճարունակության կամ իրացվելիության խնդիր առաջացնել անգամ առողջ բանկերի համար:
Բացի այդ` նախավճարային մոդելի կիրառումը նվազեցնում է պետական աջակցության անհրաժեշտության հավանականությունը, քանի որ անգամ ավանդների արտահոսքի պարագայում հատուցման հիմնադրամը մինչ որևէ անվճարունակության դեպք արդեն ձևավորված է, այնինչ հետվճարայինի դեպքում բանկերը հնարավոր է ի վիճակի չլինեն ապահովել նախապես հաշվարկված երաշխիքային վճարները և հիմնադրամը ստիպված լինի դիմել պետական բյուջեի ֆինանսավորմանը, ինչը տեղի է ունեցել մի շարք երկրներում, որոնք կիրառում էին հետվճարային մոդելը:

Իրականում հետվճարային մոդել կիրառող երկրների փորձն անհրաժեշտություն առաջացրեց և հիմք հանդիսացավ նախավճարային մոդելը պարտադիր սահմանելու համար՝ ավանդատուների շահերից ելնելով՝ բանկային համակարգի կայունությունը ապահովելու և հարկատուների բեռը նվազեցնելու նպատակով:

Նախավճարային մոդելի կիրառումը չի սահմանափակում դեպք տեղի ունենալիս և անհրաժեշտ միջոցների ծավալը չունենալու դեպքում դիմել անդամ-մասնակիցներին՝ լրացուցիչ վճարների հավաքագրման նպատակով: Այս մեխանիզմը, ենթադրում է, որ պարբերաբար հավաքագրվող վճարների անբավարարության դեպքում համակարգը կարող է դիմել բանկերին լրացուցիչ վճարներ կատարելու պահանջով՝ սակայն ոչ ավել քան օրենքով սահմանված չափը: Եթե միջոցների անբավարարությունը կարող է վտանգի տակ դնել բանկային համակարգի կայունությունը, ապա երաշխավորման հիմնադրամը քայլեր է ձեռնարկում այլ աղբյուրներից միջոցներ ներգրավելու ուղղությամբ:

 

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր