18-09-2017 11:58 28692

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԳԾՈՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՍԻՐԻԼ ՄՅՈՒԼԵՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FINNEWS.AM ԿԱՅՔԻՆ:

Բարև ձեզ, պարոն Մյուլեր: Տարածաշրջանը, որը Դուք գլխավորում եք, ի սկզբանե բնորոշվում էր անցումային: Դուք նաև առաջիններից էիք, որ այցելեցիք Հայաստան 90-ականների սկզբին: Մեր երկիրն ի՞նչպես անցավ նոր տնտեսական համակարգին:

Նախ նշեմ, որ միշտ հաճելի է այցելել Հայաստան: Երբ համեմատում եմ իմ առաջին այցը այսօրվա հետ, նկատում եմ մեծ դրական փոփոխություն: Հիշում եմ, երբ այցելեցի 1992-ին, ջուրն ու հոսանքը ժամով էին տալիս: Հայաստանը կարողացավ լուրջ բարեփոխումներ իրականացնել էներգետիկ, ջրային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտում : Հիմա արդեն, երբ հաջողվում է զբոսնել Երևանի փողոցներով, ավելի շատ ժպտացող դեմքեր եմ տեսնում, քան 90-ականների սկզբին:

Այնպես, որ այսօրվա Հայաստանը հաջողված փոփոխությունների պատմություն է: Այդուհանդերձ` մենք այստեղ ենք, քանի որ եղածը Հայաստանին դեռ չի բավարարում: Կառավարությունը ցանկանում է նոր բարեփոխումներով ապահովել ավելի լավ վիճակ:

Համաշխարհային բանկի թիմը քննարկումների շարք անցկացրեց մի զեկույցի շուրջ, որը կոչվում է Երկրի համակարգված գնահատում: Որո՞նք են հիմնական եզրահանգումները?

Երկրի համակարգված գնահատումը մի ծրագիր է, որը պետք է բացահայտի հիմնական սահմանափակումները, հնարավոր ներդրումների ուղղությունները: Նշեմ հիմնական եզրահանգումներից մի քանիսը: Մեկը այն է, որ Հայաստանը պետք է շարունակի ապահովել մարդկանց կենսամակարդակի և տնտեսության աճը: Դրա համար անհրաժեշտ է բարձրարժեք ապրանքներ արտադրել և ավելի արդյունավետ գործել արտահանման ուղղությամբ, նոր շուկաներ գտնել: Սա նշանակում է, որ մասնավոր հատվածը պետք է ներդրումներ անի մարդկային կապիտալի մեջ: Արդեն այսօր պետք է հասկանալ, թե ինչ են սովորելու երեխաները: Իհարկե, բոլոր լուծումները չէ, որ մենք գտել ենք: Բայց կարծում ենք, որ եթե Հայաստանը ներդրումներ կատարի մարդկային կապիտալի մեջ, եթե մասնավոր հատվածում մրցունակություն ապահովվի, եթե կառավարությունը բարեփոխի կառավարման համակարգը, երկրի բարեհաջող ապագան երաշխավորված կլինի: Այդ ամենի մասին ավելի մանրամասն կիմանաք առաջիկայում, երբ ավարտենք երկրի համակարգված գնահատումը:

Դուք պատասխանատու եք ավելի քան 30 երկրներներում ՀԲ գործունեության համար: Ինչպիսի՞ն է Հայաստանի մրցունակությունը?

Հայաստանն առաջին երկրներից էր, որի հետ սկսեցինք աշխատել: Այն այլ երկրների համեմատ բավական հետաքրքիր է: Հայաստանը պատկանում է փոքր երկրների այն խմբին, որոնք խիստ արագ ձևով գործողություններ ձեռնարկեցին 90-ականների սկզբին, երբ երկիրը իրոք վատ վիճակում էր: Այդ վճռորոշ քայլերը դրական արդյունք տվեցին: այն երկրները, որոնց համար ես պատասխանատու եմ, ցուցանիշներով մի փոքր ավելի առաջ են, քան Հայաստանը, բայց այն բանի հաշվին, որ մոտ են եվրամիությանը: Կարևոր է նաև աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական վիճակը: Այդուհանդերձ` չունենալով նավթ ու գազ, Հայաստանը կարողացավ արձանագրել բավական լավ արդյունք: Այն խիստ մոտիվացված է առաջընթաց ապահովելու առումով:

Ինչպիսի՞ն է լինելու ՀԲ ռազմավարությունը Հայաստանի համար առաջիկա տարիների ընթացքում և որո՞նք են կանխատեսումները մինչև 2020 թ.?


Ձեր կառավարությունը նպատակադրել է միջնաժամկետ հատվածում տարեկան 5 տոկոս աճ ապահովել: Սա բավական բարձր ցուցանիշ է, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության համար բարդ ժամանակահատվածը: Սակայն սա իրագործելի ծրագիր է: Այդ 5 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար կպահանջվի ավելի կենսունակ մասնավոր հատված, ավելի մեծ թվով ընկերություններ` կրթված աշխատուժով, նաև աշխատող կիրթ կանանց ներգրավմամբ: Դրա համար նաև ապագայում Հայաստանը պետք է օգտագործի եղած հնարավորությունները: Հայաստանի տնտեսական քաղաքականությունը պետք է ավելի շատ ուղղված լինի արտաքին աշխարհին:

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր