Պարոն Հակոբյան, որքանո՞վ էր արդյունավետ 2017 թվականը Յունիբանկի համար:
Յունիբանկն անցած տարի արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով` ավելացնելով ակտիվները մինչև 200 մլրդ դրամի: Բանկը ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության և տնտեսության ռեալ հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման և պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ:
Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ.-ին կազմել է 127 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով:
Մանրածախ վարկերի պորտֆելը գերազանցել է 66.8 մլրդ դրամը, աճը կազմել է 15%: Մանրածախ վարկերի քանակը հաշվետու տարվա ընթացքում աճել է 26%-ով` գերազանցելով 255 000: Նշանակալի աճ է ապահովել նաև քարտային ուղղությունը` քարտերով վարկերի քանակն աճել է 220%-ով և կազմել 26 0
2017թ.-ին Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաև ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%- ով և կազմել 60 մլրդ դրամ:
Ի՞նչ խնդիրներ են դրված Բանկի առջև 2018թ.-ին: 2018 թ.-ին բանկն ի՞նչ նոր ծառայություններ կտրամադրի:
Յունիբանկը կշարունակի ներդրումային գրավչության և արդյունավետության բարձրացումը: Մենք նախատեսել ենք շեշտակի աճ ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի շուկայում: Յունիբանկը կշարունակի զարգանալ իբրև իննովացիոն բանկ և մեծ ուշադրություն կհատկացնի նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Յունիբանկը մշտապես համահունչ է քայլել ժամանակի հետ և ակտիվ զարգացրել է հեռահար ծառայությունները` պարզեցնելով բանկային սպասարկման գործընթացը և, այդ կերպ, կազմակերպելով հաճախորդների համար առավել հարմար և արագ սպասարկում:
Ժամանակակից բանկային սպասարկումը ենթադրում է նորագույն տեխնոլոգիաների հիման վրա մշակված և հաճախորդների սպասումներին առավելագույնս համապատասխանող ծառայությունների մատուցում: Մոտապագայում Յունիբանկի կողմից մատուցվող ծառայությունները հետզհետե կդառնան նաև հեռահար, ինչը նաև մեր հաճախորդների պահանջն է: Մենք պետք է հնարավորություն տանք հաճախորդներին իրենց ֆինանսները կառավարել նաև օնլայն ` ցանկացած ժամանակ, իրենց համար հարմար վայրում:
Հայկական տնտեսության ո՞ր ոլորտներն են առաջնահերթ Յունիբանկի համար վարկավորման տեսանկյունից:
Վարկային միջոցների հասանելիությունը բիզնեսի համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլև` պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Ելնելով շուկայի և բիզնեսի առանձնահատկություններից` Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը:
Սպառողական վարկավորման ոլորտում Յունիբանկի հաջողության գրավականը պարզեցված ընթացակարգն ու բնակչության համար վարկավորման մատչելի պայմանների ապահովումն է: Մենք ձգտում ենք սպասարկել հաճախորդին առավելագույնս արագ և պարզ` առանց ավելորդ թղթատարության:
Մանրածախ և անգրավ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրությունը Յունիբանկն իրականացնում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված ProtoCRM համակարգով: Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս: 2017թ.-ին համակարգը մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 410 000 հայտ:
Ինչպիսի՞ն են ձեր բանկի սակագնային քաղաքականության մրցակցային առավելությունները վարկերի և դեպոզիտների տոկոսադրույքների առումով: 2018թ.-ին տոկոսադրույքների քաղաքականության մեջ որևէ փոփոխություն կլինի՞:
Բնակչության համար վարկերն առավել մատչելի դարձնելու նպատակով վերջերս վերանայվեցին և նվազեցվեցին սպառողական և բիզնես վարկերի տոկոսադրույքները:
Շուկայում նկատվող ավանդների տոկոսադրույքների նվազման ֆոնին, Յունիբանկն առաջարկում է խնայողությունների պահպանման այլ տարբերակ` պարտատոմսեր, որոնք ունեն մի շարք առավելություններ: Մասնավորապես, երաշխավորված եկամուտ, բարձր իրացվելիություն, ապահովվածություն: Ի դեպ, Յունիբանկի պարտատոսերի վերջին թողարկման եկամտաբերությունը դրամայինի դեպքում կազմեց 10%, իսկ դոլարային դեպքում` 5.5%:
Ինչպիսի՞ն է Բանկի ռազմավարությունը հաճախորդ ներգրավելու հարցում ներկայիս կոշտ մրցակցային պայմաններում:
Այսօր Յունիբանը սպասարկում է ավելի քան 360 000 հաճախորդի: Յունիբանկը նախընտրող հաճախորդների թվի աճը պայմանավորված է տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծառայությունների մատուցմամբ, արագ և հարմարավետ սպասարկմամբ և բանկի հանդեպ վստահությամբ: Մենք ձգտում ենք վարել առավելագույնս հաճախորդամետ քաղաքականություն և դա պարզապաես բառեր չեն: Լավ արդյունք ունենալու համար պետք է հստակ ճանաչես և հասկանաս հաճախորդիդ և ձգտես առաջարկել նրան այն ծառայությունները, որոնց կարիքը նա իսկապես ունի: Յունիբանկում մենք գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդի և շատ կարևորում հետադարձ կապը, որը մեզ օգնում է էլ ավելի բարելավելու սպասարկման որակը: