Ucom ընկերությունն իր uPay նախագծի շրջանակներում վճարահաշվարկային կազմակերպություն է հիմնել, որը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա։
Նորաստեղծ «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ գործունեության նպատակն է հաճախորդներին մասնագիտացված ֆինանսական ծառայությունների մատուցումը։
«Առաջնային քայլերից է լինելու uPay մասնաճյուղերի վերաբացումը, արդեն uPay ընկերության լիցենզիայի ներքո և տվյալ մասնաճյուղերում ծառայությունների ցանկի ընդլայնումը, իսկ մասնավորապես՝ տեղական և միջազգային դրամական փոխանցումների համակարգերի սպասարկումը: Նշեմ, որ ներկայումս uPay մասնաճյուղերը գործում են Ucom-ի և այլ վճարահաշվարկային կազմակերպության համագործակցության շրջանակում», - նշել է նորաստեղծ uPay ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Սաղոյանը։
2019 թվականի երկրորդ կեսին uPay ընկերությունը պլանավորում է ներկայանալ uPay բջջային հավելվածի թարմացված, օգտատերերի համար առավել հարմար ու արդիականացված տարբերակով։