18-05-2019 13:48 858

 

«VivaTech 2019» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում Տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առեւտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Հակոբ Արշակյանը «Աթոս» ընկերության փոխնախագահին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը տեղեկացրել է նոր ձևավորվող` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձեւավորման մասին, մանրամասնել այդ ուղղությամբ իրականացվող կառուցվածքային և ծրագրային այն փոփոխություններ, որոնց արդյունքում բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացում կունենա:

Ռոբերտ Վասոյանը կարեւորելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը՝ անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին։

Նա նշել է, որ մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում ու հիացած է հայ տաղանդներով, եւ որ տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերություններն իրենց տաղանդավոր մասնագետներով կարող են համեմատվել աշխարհի ցանկացած երկրի հեղինակավոր այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում։

«Աթոս» ընկերության փոխնախագահը նաեւ իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու, իր ներդրումն ունենալու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, աջակցելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր նախագծերին։ Նա ընդգծել է, որ միացյալ ուժերով հայկական տեխնոլոգիական ներուժը կարող է դառնալ առաջատարն ամբողջ աշխարհում։

Շնորհակալություն հայտնելով աջակցության և համագործակցության առաջարկի համար՝ Հակոբ Արշակյանը Ռոբերտ Վասոյանին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019)։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր