15-08-2019 15:32 1375

 

«Աշխարհը Հայաստան է գալիս». այսպես է բնորոշում հոկտեմբերի 6-9 Երեւանում կայանալիք WCIT՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համաժողովը, բիզնես ռազմավարության մասնագետ, ձեռնարկատեր Էմմա Առաքելյանը, ով Նյու Յորքում աշխատանքային խմբի կազմում օգնում է կազմակերպել համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ այս կոնգրեսի կազմում են համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների 90 տոկոսը՝ բոլոր խոշոր խաղացողները: Ըստ Էմմա Առաքելյանի՝ ամեն ինչ արվում է, որ նրանք բոլորը Հայաստան այցելեն:

Նրա խոսքով, նախկինում այս կոնգրեսը կազմակերպվել է համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մայրաքաղաքներում՝ Սան Ֆրանցիսկոյում, Տոկիոյում, Փարիզում: Հայաստանում կոնգրեսի անցկացումը կարեւոր խորհրդանիշ է:

Աշխատանքային խմբի անդամ, Նյու Յորքում գործող փաստաբան Արմեն Մորիանն ընդգծում է՝ հոկտեմբերին Հայաստան են ժամանելու բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող տիեզերական, ռազմական, առողջապահական, բանկային եւ այլ ոլորտների խոշոր ներկայացուցիչներ:

«Մենք ունենք անհավատալի պատմություն աշխարհին ներկայացնելու: Մենք պարզապես մի երկիր չենք, որը շահել է այս համաժողովն իր մոտ անցկացնելու իրավունքը: Մենք ունենք 6000 տարվա պատմություն, որտեղ մենք քաղաքակրթության արշալույսից ի վեր եղել ենք նորարար ժողովուրդ՝ մարդկության զարգացման յուրաքանչյուր ոլորտում»,

-նշել է նա:

Նոր տեխնոլոգիաներն իրենց հետ, սակայն, ոչ միայն լուծումներ, այլեւ՝ նոր վտանգներ են բերում, նշում է գլոբալ կրթության ոլորտի առաջատար Դեբորա Դեվեջյանը: Հենց այստեղ Հայաստանը կարող է աշխարհին առաջարկել էթիկական խնդիրների լուծման իր տեսլականը:

«Տեխնոլոգիան հսկայական առաջընթաց է գրանցել բազմաթիվ ոլորտներում՝ գենետիկա, ռոբոտայնացում, կլոնավորում, գեների փոփոխում: Այս տեխնոլոգիաները խոստանում են լուծումներ բազմաթիվ խնդիրների, սակայն, կրում են նոր վտանգներ, որոնց մասին պետք է խորհել արդեն այս պահին»,

-ասել է նա:

Աշխատանքային խմբի անդամների խոսքով, Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը», որը արմատապես փոխեց իրավիճակը երկրում, մեծապես նպաստեց նաեւ Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նոր որակով կազմակերպմանը:

«Համոզված չեմ, որ եթե մենք զրուցեինք մինչեւ «Թավշյա հեղափոխությունը», այս համաժողովի մասնակիցների նույնիսկ կեսը ցանկություն հայտներ մասնակցել դրան, որովհետեւ, գիտեք, կոռումպացված երկրի պիտակը չի նպաստում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»,

- նշում է Էմմա Առաքելյանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր