20-05-2019 14:00 1749

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում քննարկում է, ինչպես ինքն ասաց անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող մի խնդիր։ Փաշինյանը սկսեց դատական համակարգի վերաբերյալ իր ուղերձը։ Դատավորները գալիս են կառավարություն։

Կառավարությունում են նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ այլք։

«Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ կառավարություն՝ գործադիր իշխանություն, ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ խորհրդարան՝ օրենսդիր իշխանություն։ Վերջին մեկ տարվա իրադարձությունները շարունակաբար ի ցույց են դնում, որ ՀՀ-ում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն, եւ դրա գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացմում մեր հանրության շրջանում։

Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության եւ հիմնավորվածության մասին։ Այս մասին դատողություններ անելը իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել եւ նույն գնահատականին արժանացնել:

Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, սակայն, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար, և սա ասում եմ ոչ միայն որպես ՀՀ վարչապետ, այլև Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ, որն ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի՝ Հայաստանի իշխանության բարձրագույն կրողի անունից։

Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքը իր ազատ կամարտահայտմամբ ձեւավորել է օրենսդիր իշխանություն, ԱԺ միջազգայնորեն ազատ արդար թափանցիկ եւ ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքներով ձեւավորել է կառավարություն՝ գործադիր իշխանություն։ Բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում եւ իրականացվում ժողովրդի դեմ։

Որքանով է իրական այս կանխավարկածը, որքանով է հինավորված՝ բոլորին ուրիշ խնդիր է, բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի նաեւ գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը»,-ասաց ՀՀ վարչապետը՝ շարունակելով․

«Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրվանից պարտավորվել եմ որեւէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին, և այս պարտավորությունը պահպանել եմ սրբորեն։ Բայց, մյուս կողմից, ցավոք, չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետև այդ երկու համակարգերը իրար կապված են մարդկային, քաղաքական ևայլ կապերով։

Մի օրինակ կարող եմ բերել միայն․ որքանով կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց նույն Մարտի 1-ի գործով, այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով։ Եվ դա հիմա արդեն երեւում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներով, որոնք վերաբերում են նաեւ, այնպես կոչված, իրացման գոտիների բնակիչների եւ այլ խնդիրների։ Այս իրավիճակն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաեւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ մեր հայտարարած պայքարի վրա։ Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ այդ մարմինները հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը միեւնույն է՝ ջուրն է նետելու բոլոր բացահայտումները, հենց այդ կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով։

Այս խնդիրները, իհարկե, նոր չեն, և ես դրանք գիտակցել եմ վարչապետ ընտրվելու առաջին օրվանից։ Բայց եւ այնպես, հենվելով մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության արժեքների վրա, համարել եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու, իր նպաստը բերելու հնարավորություն ունենա՝ այդ թվում՝ քաղաքական եւ իրավական ապաշխարության միջոցով, կոնկրետ քայլերով, ժողովրդի վստահությանն արժանանալու միջոցով։ Նաեւ հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը եւ արժեքային համակարգն անհամապատասխան են նոր Հայաստանի ձգտումներին եւ նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայատանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից։

Նման բան, սակայն, տեղի չունեցավ, եւ դատական համակարգի ժողովրդական վստահությանն արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլեւս սպառված»։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր