ԱՄՆ-ն ապրիլի 2-ից հայելային մաքսատուրքեր կսահմանի Հնդկաստանի վրա, եթե վերջինը չնվազեցնի ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հնդկաստանի հետ, բայց միակ խնդիրն այն է, որ Հնդկաստանը աշխարհի ամենաբարձր մաքսատուրքերից մեկն է սահմանել: Կարծում եմ, որ նրանք, հավանաբար, էապես կիջեցնեն այդ մաքսատուրքերը, բայց ապրիլի 2-ից մենք նրանցից կգանձենք նույն սակագները, որոնք նրանք մեզանից գանձում են։ Մենք ունենք հզոր առևտրային գործընկերներ: Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ վատ վերաբերվեն: Շատ ոլորտներում մենք ավելի լավ տնտեսական հարաբերություններ ունենք մեր թշնամիների, քան մեր ընկերների հետ: Նրանք, ովքեր մեզ բարեկամ չեն, որոշ դեպքերում մեզ ավելի լավ են վերաբերվում, քան նրանց, ովքեր պետք է բարեկամական լինեն, օրինակ՝ Եվրամիությունը, որը մեզ համար սարսափելի է առևտրի հարցում», – ասաց նա Breitbart News-ին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ապրիլի 2-ից ներմուծվող ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Բրազիլիան, Հնդկաստանը, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան և ԵՄ երկրները, միջին հաշվով, Միացյալ Նահանգներից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան ԱՄՆ-ն է նրանցից գանձում, ասել է նա։