ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 17-ին ընդունել է Հանդուրժողականության եւ խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ Ահմադ բին Մուհամադ ալ-Ջարուանին, որը Հայաստան է ժամանել` մեր երկրին այս կառույցին անդամակցելու առաջարկ ներկայացնելու առաքելությամբ:
Նրա խոսքով` Հայաստանը ճանաչված է որպես խաղաղասիրական եւ հանդուրժողականությունը հարգող երկիր ու անդամակցությունը Համաշխարհային խորհրդին նոր հնարավորություններ կստեղծի այս գաղափարների միջազգային տարածման համար: Շուրջ 50 անդամ ունեցող այս կառույցի գործունեությունը հիմականում անդրադառնում է սոցիալական եւ մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության եւ անդամակցության առաջարկի համար` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրի համար հոգեհարազատ են այն ուղղությունները, որոնցով զբաղվում է Համաշխարհային խորհուրդը: Նրա խոսքով` խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են, ուստի կառույցի գործունեությունը մեզ համար դրական ուղերձներ է պարունակում:
Կողմերն անդրադարձել են հետագա համագործակցության հնարավորություններին ու ձեւաչափերին, պայմանավորվել երկխոսությունը դարձնել շարունակական: