18-06-2019 00:35 661

 

Հունիսի 12-15-ը Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելեց Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններ: Դեսպան Գևորգյանը եղավ Լաթաքիայում և հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների և հայ համայնքի հետ:

Հունիսի 12-ին Տիգրան Գևորգյանին ընդունեց Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկեցին մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև անդրադարձան Լաթաքիայի նահանգում բնակվող հայկական համայնքի խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին: Նահանգապետը բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը նահանգի սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնեց, որ հայությունը կարող է կամուրջ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Իր հերթին դեսպան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նահանգային ղեկավարությանը հայ համայնքի և, մասնավորապես, քեսաբահայության նկատմամբ ջերմ և հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ դեսպանը և Լաթաքիայի նահանգապետը պայմանավորվեցին պարբերաբար նման հանդիպումներ ունենալ:

Լաթաքիայի հայ համայնքի ներկայացուցիչների և սբ․ Աստվածածին եկեղեցու թաղական խորհրդի ղեկավար անդամների հետ հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարները: Քննարկվեց նաև համահայկական 7-րդ խաղերին սիրիահայ մարզիկների հնարավոր մասնակցության հարցը:

Հունիսի 15-ին դեսպան Գևորգյանն այցելեց հայաբնակ Քեսաբ, որտեղ հանդիպումներ ունեցավ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի և համայնքի հետ, ինչպես նաև եղավ Քեսաբի հայկական եկեղեցիներում: ՀՀ դեսպանը քեսաբահայերից տեղեկացավ համայնքի առջև ծառացած խնդիրների մասին և քննարկեց դրանց լուծման հնարավորությունները: Տիգրան Գևորգյանի հետ առանձնազրույցի ընթացքում Վազգեն Չափարյանը ներկայացրեց հայ համայնքին առնչվող արդի մարտահրավերները` մտահոգություն հայտնելով պարբերաբար իրականացվող ռմբակոծությունների կապակցությամբ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր